Օշինդր
Տարածված է Եվրոպայի, Ասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում։
Հայաստանում աճում է 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն։
Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի։ Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը։ Մշակության մեջ տարածված է թարխունը, օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած)։
Նկարագրված 200 տեսակներից Կովկասում աճում են 28-ը, իսկ Հայաստանում՝ 15 տեսակ, որոնցից միայն մի քանիսն ունեն բուժական նշանակություն։ Մեր հանրապետությունում որպես մոլախոտ օշինդրը հանդիպում է բոլոր գոտիներում։ Խառը բուսուտների ձևով աճում է շենքերի մոտ, ճամփեզրերին, աղբուտներում, խամահողերում, ցանքերում, ձորալանջերին, թփուտներում, այգիներում՝ հաճախ բարձրանալով ծովի մակերևույթից 1400-2500 մ բարձրության վրա։
Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը՝ սպիրտային խմիչքների արտադրության մեջ։ Ընտանի կենդանիներն ուտում են սակավ, իսկ սիլոսի ձևով՝ բավական լավ։ Այս դեպքում կաթն ունենում է օշինդրի համ ու հոտ։ Բույսը լավ ուտում են ճագարները, կտորեղենը ներկում է կանաչի տարբեր երանգներով։
Խորդենի
Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել 17-րդ դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս։ Խորդենին լայնորեն մշակվում է Ալժիրում, Ամերիկայում, Իսպանիայում, Ճապոնիայում։
Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր խորդենի (P. roseum)։ Բազմամյա կիսաթուփ է, արմատը՝ հզոր, ցողունը՝ 80-100 սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված։ Տերևները՝ հերթադիր, բլթակավոր, թավոտ։ Ծաղիկները՝ բաց վարդագույն։ Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%)։ Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ։ Վարդաբույր խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի, խոնավության և հողի նկատմամբ։ Սառնամանիքները ( -2-ից -3 °C) խիստ վտանգավոր են։ Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում։ Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում։
Քրիզանթեմ
Քրիզանթեմ (լատ.՝ Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորների) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։
0,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուններով թփիկներ են։ Տերևները ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր աշնանը։ Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով։ Ծաղկում է աշնանը։
Երևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ Հայաստանում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։