Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. հայ մշակույթը գալիս է դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ: Իսկ ինչ է մշակույթը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչ զգացողություն ենք ունենում, երբ հանկարծ մեր ձեռքն է ընկնում որևէ հին լուսանկար: Եթե դա մեկնումեկիս փոքր տարիքի լուսանկարն է, բնականաբար հետաքրքրությամբ նայում ենք: Նույնքան հետաքրքիր են նաև մեր ծնողների, պապիկների ու տատիկների լուսանկարները: Բայց ինչն է մեզ գրավում, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝ հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները: Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը, հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական (կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քանդակ և այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքանչյուր իր մշակութային արժեք է: Բայց միշտ չէ, որ մշակութային արժեքները պահվում են թանգարաններում: Օրինակ, այդպիսի արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրականությունը: Դրանք ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում, տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր ժամանակներում ապրած մարդկանց միջև: Օրինակ, մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ երգեր են երգել, ինչ գրքեր են կարդացել, ինչ զարդեր են կրել անցյալ ժամանակներում: Այդ բոլոր արժեքները ստեղծվել են, որպեսզի բանաստեղծության, երգի կամ քանդակի լեզվով իրենց ժամանակակիցներին հաղորդեն մտքեր, տեսակետներ, գաղափարներ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: Օրինակ, դարեր առաջ ստեղծված հայ բանաստեղծների տաղերը, որոնք պատմում են սիրո, հայրենիքի, ազնվության մասին, այսօր էլ թարմ են, հետաքրքիր։ Եվ դեռ երկար ժամանակ կպահպանվեն որպես այդպիսիք։ Իսկական մշակութային արժեքները երբեք չեն հնանում։ Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն ունի բանահյուսությունը։ Այն ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, այսինքն՝ բանահյուսության հեղինակը ժողովուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների’ ուրախության, վշտի, պայքարի, հաղթանակների ու պարտությունների մասին: Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական բանահյուսության կարևոր տեսակներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի է ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնավորության գծերը, ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի մասին. «Ահա հայ ժողովուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»: Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»: Այն մեր ժողովուրդը սկսել է հյուսել շատ հին ժամանակներում: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե երբ է ստեղծվել էպոսը: Այն հորինվել է շատ հին ժամանակներում և տարածվել ասացողների միջոցով: Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեն շատ երգեր, պատմություններ, որ լսել են իրենց պապերից և կարողանում են մեծ վարպետությամբ պատմել կամ արտասանել: Հետագայում, 19-րդ դարից սկսած, բանահավաքները1 սկսեցին գրի առնել էպոսը: Առաջին անգամ այն գրի առավ հայ անվանի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որի շնորհիվ պահպանվել և մեզ են հասել ոչ միայն էպոսը, այլև ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ: «Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողովրդի բնավորության հիմնական գծերը: Առաջին հերթին դա հերոսությունն է: Բոլոր հերոսները՝ Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, քաջ են, անվախ, կարող են դիմանալ ամենատարբեր փորձությունների և դժվարությունների: Նրանք բոլորը ծառայում են հայրենիքին ու ժողովրդին: Հայրենի հողը պաշտպանելու համար պատրաստ են ամենահերոսական արարքների: Մեր էպոսի հերոսները նաև անսահման բարի ու մեծահոգի են, շիտակ ու վեհանձն: Դա հատկապես լավ է երևում էպոսի այն տեսարանում, երբ Դավիթը մեծահոգաբար զիջում է Մելիքին առաջին հարվածի իրավունքը. նա իր առաջին երկու զարկերը զիջում է Մելիքի մորն ու քրոջը, քանի որ վերջիններս իրեն պահել ու խնամել են: Դավիթն իր ժողովրդի նման երախտագետ է, այսինքն երբեք չի մոռանում նրանց, ովքեր իրեն լավություն են արել: Երբ ասում ենք Սասունցի Դավիթ, հասկանում ենք հայ ժողովուրդ, ճիշտ այնպես, ինչպես երբ ասում ենք Աքիլլես, հասկանում ենք հույն ժողովուրդ, երբ ասում ենք Իլյա Մուրոմեց, հասկանում ենք ռուս ժողովուրդ և այլն:
1․ Ի՞նչ է մշակույթը։
Մշակույթը գալիս է դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ:
2․ Ներկայացնել Հայ ժողովրդի մշակույթը։
Հայ ժողովրդի մշակույթը, մեր սովորությունները, աժեքները, բնավորությունները, հագուսները, երգերը, ևայլըան։
3․ Ի՞նչ է բանահյուսությունը։
Այն ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, այսինքն՝ բանահյուսության հեղինակը ժողովուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների’ ուրախության, վշտի, պայքարի, հաղթանակների ու պարտությունների մասին:
4․ Ի՞նչ կապ կա ժողովրդի և նրա էպոսի միջև
Էպոսը բանահյուսթյան մեկ տեսակն է, այն ժողովրդի հյուսած պատմություններն են։