Posted in Uncategorized

Հայերենի բարբառներ

Բարբառը լեզվի տարածքային տարբերակ է, համաժողովրդական լեզվի ճյուղավորում, որը սպասարկում է հասարակության որոշակի հատվածի։ Բարբառն գրական լեզվի ու այլ տարածքային տարբերակների (այլ բարբառների) հետ ունենում է ակնհայտ ընդհանրություններ, սակայն բնորոշը նրա համար հնչյունական, բառային, քերականական ու ոճաբանական այն առանձնահատկություններն են, որոնք պայմանավորում են նրա ինքնուրույնությունը։ Բարբառների գոյացումն ու անկախ ինքնուրույն զարգացումը հատկանշական են դեռևս ցեղային, էթնիկական լեզուների շրջանին, դրանք ակնառու կերպով դրսևորվում են նաև ֆեոդալական մասնատվածության պայմաններում։ Ազգային լեզուների զարգացումը տանում է դեպի բարբառների աստիճանական վերացում։

Հայերենի բարբառների մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 5-րդ դարին, սակայն դրանք հստակ առանձնանում են միջին հայերենում։ Բավական մեծ թիվ են կազմում նոր հայերենի բարբառները (շուրջ 60 բարբառ)։ Հայերենի բարբառների մի մասն այժմ էլ գործածվում է, որոշ բարբառների խոսողական տարածքը նկատելիորեն նեղացել է, իսկ բազմաթիվ բարբառախոս տարածքներ այժմ վերացված են։

Posted in Uncategorized

Ղազարոս Աղայան. Ծարերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…