Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
Հայաստանը շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության և շահական Պարսկաստանի տիրապետության տակ։ Սակայն XVII դարի երկրորդ կեսին Հայաստանի ազատագրության համար պայքարը սկսել էր աշխուժանալ և թևակոխել վերելքի փուլ։ Դրա համար ստեղծվել էին ներքին և արտաքին նախադրյալներ։ Գնալով ավելի անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը և հայ առաջադեմ գործիչները օտար տիրապետությունից ազատագրվելու եղանակներ էին որոնում։ Այդ գործին հայ առաքելական եկեղեցուց բացի՝ սկսել էին ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևոր խավը։ Պարզ էր, որ սեփական ուժերով հնարավոր չի լինի ազատվել Օսմանյան Կայսրության և Իրանի նման վիթխարի պետությունների լծից, հետևաբար Հայաստանի ազատագրումը կապվում էր դրսի՝ Եվրոպայի ուժերի օգնության հետ։ Իրանի թուլացումը, և եվրոպական մի շարք երկրների պայքարը Օսմանյան կայսրության դեմ ազատագրման իրական հույս էին ներշնչում:
1677թ. Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու նախաձեռնությամբ Էջմիածնում գումարվեց գաղտնի ժողովը՝ Հայաստանի ազատագրության խնդրով։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսը պատվիրակությամբ մեկնեց Եվրոպա, բայց ճանապահին մահացավ, իսկ պատվիրակությունը վերադարձավ։
Պատվիրակության անդամներից Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիքի որդին էր, շարունակեց ճանապարհորդությունը և հասավ Գերմանիա։ Նա ցանկանում էր Հայաստանի ազատագրումը և այդ նպատակով դիմեց Գերմանական իշխան Հովհան Վիլհելմին օգնության համար, և ստացավ նրա խոստումը։
1699թ․ Անգեղակոթ գյուղում Իսրայել Օրու առաջարկով և Սյունիքի մելիքների աջակցությամբ հրավիրվեց գաղտնի խորհրդակցության։ Այնտեղ որոշվեց լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ։ Հայ մելիքները նամակ են ուղարկում Վիլհելմին, խոստանալով նրան ճանաչել Հայաստանի թագավոր, եթե նա զորք ուղարկի Հայաստանն ազատագրելու։
Վերադառնալով Եվրոպա, Օրին Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության «Պֆալցյան ծրագիրը»՝ բաղկացած 36 կետից։ Հովհան Վիլհելմը համաձայնում է ծրագրին։ Օրին փորձում է ստանալ ռազմական օգնություն այլ եվրոպական երկրներից, սակայն նրանք իսկապես շահագրգռված չէին Հայաստանի ազատագրությամբ և հրաժարվում են զորք տրամադրել։
Այդ ժամանակ Իսրայել Օրին 1701 թ. տեղափոխվում է Ռուսաստան և դիմում երիտասարդ Պետրոս (Պյոտր) Առաջին ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր: Պետրոս Առաջինը հուսադրում է Օրուն, որ Շվեդիայի հետ պատերազմից հետո կզբաղվի նաև Հայաստանի հարցով։
Պետրոս Առաջինի հանձնարարությամբ Օրին 1709թ. ճանապարհորդում է Պարսկաստան՝ ծանոթանալու իրավիճակին։ Կասկած չհարուցելու նպատակով նա մեկնում է որպես Հռոմի պապի դեսպան։ Որոշ ժամանակ մնալով Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և իր դիվանագիտական առաքելության մեջ չհասնելով հաջողության, Օրին վերադառնում է Ռուսաստան։
Ռուսաստան վերադառնալու ճանապարհին 1711թ. Իսրայել Օրին մահանում է և դրանով ավարտվում է նրա առաքելությունը։
Իսրայել Օրին կարևոր դեր խաղաց 17-18-րդ դարերի հայ ազատագրական շարժման զարթոնքի գործում։ Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց քաղաքական բանակցությունների հողի վրա։
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
Իրավիճակը Այսրկովկասում 18-րդ դարի սկզբին
18-րդ դարասկզբին Պարսկաստանը թուլացել էր և հայտնվել ծանր իրավիճակում։ Դա հպատակ ժողովուրդներին այդ թվում հայ ժողովրդի ազատագրման համար հույսեր ստեղծում։ Պարսկաստանի թուլությունից ցանկանում էին օգտվել նաև Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը՝ գրավելու այսրկովկասյան տարածքները։
Ռուսաստանը ուզում էր մերձկասպյան տարածքները գրավել։ Այդ նպատակով Պետրոս Առաջինը կազմակերպեց կասպյան արշավանքը 1722 թ․ և գրավեց Դերբենդը։
Այդ ժամանակ հայերն ու վրացիները գործում էին միասին, իսկ Ռուսաստանի կայսրը խոստացել էր օգնել նրանց։
Արցախի մելիքները հայրենիքը տարբեր թշնամիներից պաշտպանելու համար 12 հազարանոց զորք էին հավաքել։ Այդ զորքից 10 հազարը կաթողիկոս Հասան-Ջալալյանի գլխավորությամբ մեկնեց Գանձակի մոտակա գյուղերից մեկը, որտեղ վրաց թագավորի զորքի հետ միասին պետք է սպասեին ռուսական զորքի գալուն։ Սակայն Պետրոս Առաջինը Դերբենտից վերադարձավ Ռուսաստան, իսկ Վրաստանի թագավորի և Արցախի մելիքների զորքերը հուսախաբ վերադարձան իրենց հայրենիք։
Օսմանյան կայսրությունը նույնպես ուզում էր օգտվել իրավիճակից և գրավել Պարսկաստանի այսրկովկասյան ողջ տարածքները։ Թուրքական զորքերը ներխուժեցին Այսրկովկաս և շուտով գրավեցին Թիֆլիսը և Գանձակը։
Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը 1724 թ․-ի հունիսի 12-ին Կոնստանդնուպոլսում պայմանագիր կնքեցին, որով համաձայնվեցին իրենց մեջ բաժանել տարածաշրջանը։ Ռուսաստանին էին մնում մերձկասպյան տարածքները, իսկ Արևելյան Հայաստանն ու Վրաստանը պետք է անցնեին Օսմանյան կայսրությանը։ Այդ պայմանագիրը ռուսները թաքուն էին պահում հայերից։
1724թ. Երևանի պաշտպանությունը
1724 թ․-ին հունիսի 7-ին Օսմանյան զորքը պաշարեց Երևանը։ Պաշտպանվելու համար նաև ոտքի կանգնեցին մոտակա գյուղերի բնակիչները։ Երեք ամիս հերոսական պաշարումից հետո Երևանը հանձնվեց, սակայն թուրքական զորքը մոտ 20 հազար կորուստ տվեց։
Երևանի պաշտպանությունը կարևոր նշանակություն ունեցավ։ Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Սյունիք և Արցախ՝ ժամանակ տալով նրանց նախապատրաստվելու պաշպանությանը։
Զինված պայքարը Արցախում
Արցախի ազատագրական ուժերը թուրքական արշավանքին դիմագրավելու համար լուրջ քայլեր ձեռնարկեցին։ Նրանք պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ: Ամենահայտնիներն էին Գյուլիստանի, Շոշի (Շուշի), Ավետարանոցի, Ջրաբերդի, Քարագլխի սղնախները:
1725թ. թուրքական զորքերը ներխուժեցին Արցախի Վանադա գավառ։ Մելիքները խորամանկորեն տեղավորեցին օսմանյան զորքերին հայկական գյուղերում և գիշերային մեկ գրոհով ոչնչացրեցին նրանց։ Անհաջող էին նաև թուրքական հաջորդ հարձակումները Արցախի դեմ։
1726թ. տեղի ունեցավ Շուշիի պաշտպանությունը։ 8-օրվա ընթացքում տալով ութ հարյուր զոհ, թուրքական զորքերը վերադարձան Գանձակ։
Սակայն ի վերջո արցախահայությունը, չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը, պարտություն կրեց։ Հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսական բանակ, թուլացնելով ազատագրական շարժումը։ Չնայած դրան, Գյուլիստանի սղնախը շարունակում էր դիմադրել ևս 5 տարի։
Արցախի ազատագրական պայքարը կարևոր նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հաջորդ սերունդների համար՝ հավատով լցնելով սեփական ուժերի նկատմամբ։
Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում: Դավիթ բեկ
Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում զորքերը համախմբված չէին սկզբում, և նաև անհանգստեցնող հանգամանք էր պարսկամետ ուժերի ազդեցությունը այդ տարածքում։
Սյունիքի ազատագրական շարժումը համախմբելու հույսով 1722 թ․ մի քանի հայազգի զինվորականներ Դավիթ բեկի գլխավորությամբ Վրաստանից եկան Հայաստան։
Դավիթ բեկը հաստատվեց Շինուհայր ավանում և իր շուրջը համախմբեց տեղի զինվորական ուժերը։ Դավիթ Բեկին ղեկավարության ստեղծվեց ռազմական խորհուրդ, իսկ զորքի սպարապետ նշանակեց Մխիթարին։ Հայկական ուժերին ինքնավստահություն հաղորդելու գործում կարևոր նշանակություն ունեցավ թշնամու հետ համագործակցող մելիք Բաղրի՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։
Շուտով հայկական զորքերը Չավնդուրի ճակատամարտում լիովին հաղթեցին նաև իրենց դեմ միավորված շրջակա մուսուլմանական տիրակալներին։
Հայկական իշխանության ստեղծումը
Դավիթ բեկի շուրջ մեկ տարվա հաջող պայքարից հետո հաջողվեց Սյունիքը հիմնականում ազատագրել։ Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ. այնտեղ ստեղծվեց հայկական իշխանություն։ Հալիձորի բերդը դարձավ հայկական զորքի կենտրոնատեղին։
Պարսից շահը ճանաչեց հայկական իշխանությունը և դաշինք կնքեց նրա հետ։ Շահը կոչ արեց պարսիկ կառավարիչներին ճանաչել հայկական իշխանությունը և համաձայնեցված աշխատել Դավիթ բեկի հետ ընդդեմ թուրքական աշխավանքի։
Հալիձորի հաղթանակը
1727թ. մարտին թշնամին պաշարեցին Հալիձորը։ Որոշվեց ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և հակահարձակվել։ Մխիթար սպարապետի և տեր Ավետիսի գլխավորությամբ 300 զինյալներ աննկատ դուրս եկան բերդից և հանկարծակի հարվածեցին թշնամուն, ինչը թուրքական զորքին մեծ կորուստներ պատճառեց։ Թշնամու զորքերը խուճապի մատնվելով, դիմեցին փախուստի Հալիձորի բերդից, թողելով հազարավոր զոհեր և բանակի ողջ ունեցվածքը։
Հետապնդելով թշնամուն, հայկական զորքերն ազատագրեցին նաև Մեղրին։
Մխիթար սպարապետ
1728 թ. անսպասելի մահացավ Դավիթ բեկը։ Սյունիքի ինքնապաշտպանությունը մեծ կորուստ կրեց: Զինվորական հրամատարությունը անցավ Մխիթար սպարապետին։
Թուրքական զորքը կրկին հարձակվեց և պաշարեց Հալիձորը։ Սակայն այս անգամ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում։ Մխիթար սպարապետը հեռացավ բերդից։ Իսկ թուրքերը, գրավելով բերդը, կոտորեցին տեղի բնակչությանը։
Չնայած հետո Մխիթարին հաջողվեց միավորել հայկական ուժերի մեծ մասը և հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի թուլացումն այլևս հնարավոր չեղավ կանգնեցնել։ 1830թ. Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվեց Խնձորեսկ գյուղում։ Սյունիքի ազատագրական զորքերն հետզհետե կազմալուծվեցին։
1720-ական թթ. Սյունիքում և Արցախում ազգային-ազատագրական կռիվները հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից են։ Զինված պայքարի շնորհիվ, թեև կարճ ժամանակով, հաջողվեց վերականգնել հայկական իշխանությունը։ Կարևոր արդյունքներից էր նաև այն, որ Պարսկաստանը ստիպված էր հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքները։
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը
Դեռևս 1804–1813 թթ. ռուս–պարսկական պատերազմի ավարտին կնքված Գյուլիստանի հաշտության պայմանագրով հայկական տարածքներից Գանձակը, Արցախը, Շիրակը, Զանգեզուրը և Լոռին անցան Ռուսաստանի տիրապետության տակ։
1826–1828 թթ. ռուս-պարսկական երկրորդ պատերազմը
Պարսկաստանը չէր հաշտվում Այսրկովկասի իր տարածքները Ռուսաստանին անցնելու հետ։ 1826 թ․ հուլիսին թագաժառանգ Աբաս-Միրզայի բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ՝ սկսելով երկրորդ ռուս-պարսկական պատերազմը։
Հուլիսի 26-ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Շրջակա գյուղերի հայերի օգնությամբ պաշտպանությունը տևեց 1,5 ամիս և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի համար։ 1826 թ․ սեպտեմբերին Շամքորի մոտ Ռուսաստանի բանակի հայ նշանավոր գեներալ Մադաթովի 2-հազարանոց զորքը ծանր պարտության մատնեց պարսկական 10-հազարանոց զորամասին։ Մի քանի օր անց ավելի մեծ ճակատամարտ եղավ Գանձակի մոտ, որի արդյունքում ռուսական զորքերը Աբաս-Միրզայի բանակին դուրս շպրտեցին Արցախից և գրավված մյուս շրջաններից։
1827 թ․ գարնանից ռուսական զորքերը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ անցան հարձակման և ռազմական գործողություններ ծավալեցին դեպի Երևան և Նախիջևան։ Ռուսական զորքերը գրավեցին Էջմիածինը, իսկ օգոստոսի 17-ին փոքրաթիվ զորաբանակով կարողացան դիմադրել և հետ շպրտել պարսկական մեծաքանակ բանակին Օշական գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։
Երևանի գրավումը
Ռուսական զորքը սեպտեմբերին սկսեց Երևանի բերդի պաշարումը։ Հինգ օր անընդմեջ հրանոթներով ռմբակոծումից հետո, ռուսական զորքերը և հայ կամավորները հոկտեմբերի 1-ին մտան Երևան։ Պարսկական կայազորը գերի վերցվեց։ Երեւանի գրավումը ուրախությամբ ընդունեց Հայաստանի ողջ հայությունը, որն պարսկական տիրապետությունն արդեն անտանելի էր համարում։
Թուրքմենչայի պայմանագիրը։ Պարսկահայերի վերաբնակեցումը։
1828թ. փետրվարին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի մնացյալ տարածքները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցան Ռուսաստանի տիրապետության տակ։ Ռուսաստանի և Իրանի միջև սահմանագիծ դարձավ Արաքս գետը։ Պարսիկները պարտավորվում էր վճարել 40 մլն. ռուբլի ռազմատուգանք։ Պայմանագրով իրավունք տրվեց Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին վերադառնալ ու բնակություն հաստատել Հայաստանում։
Պարսկաստանից հայերի վերաբնակեցումը սկսվեց 1828թ. գարնանը: Շուրջ 40 հազար հայեր վերագաղթեցին Արևելյան Հայաստան։ Պարսկահայերի զգալի մասի նախնիները բռնագաղթել էին Հայաստանից շահ Աբասի կողմից 17-րդ դարում և նրանց սերունդները վերադարձան իրենց հայրենի օջախները։ Այդ զանգվածային վերաբնակեցումը վերականգնեց Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը և թույլ տվեց կրկին հայկական բնակչություն տեսնել Հայաստանի հայաթափված շատ բնակավայրերում։
Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին կարևոր նշանակություն ունեցավ։ Թեպետ չարդարացան հայության սպասումները ազգային անկախ պետություն ունենալու մասին, սակայն Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ֆիզիկական բնաջնջման վտանգից։
Ռուսաստանը Պարսկաստանի համեմատությամբ նաև առաջադեմ երկիր էր և հայությունը տնտեսության, արվեստի և գիտության զարգացման ավելի լավ պայմաններ ստացավ։
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը
Պարսկաստանի դեմ հաղթանակից հետո Ռուսաստանի դիրքերը Այսրկովկասում ամրապնդվեց։ Սակայն ռուսական արքունիքը չբավարարվեց սրանով, և 1828–1829 թթ. տեղի ունեցավ ռուս-թուրքական նոր պատերազմ։
1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
Այդ պատերազմի ամենախոշոր իրադարձությունը 1828 թ. հունիսին ռուսական բանակի կողմից Կարսի բերդի գրավումն էր։ Պատերազմի ընթացքում ռուսական զորքերը տարածքային խոշոր ձեռքբերումներ ունեցան՝ գրավելով Ջավախք գավառը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան, Արդահանը, Բայազետի ու Ալաշկերտի գավառները, Կարինը, Բաբերդը, Մուշը։ Այս պատերազմում նույնպես հայերը, կարծելով, թե Ռուսաստանը պետք է իրենց ազատի թուրքական լծից, նյութական և ռազմական մեծ օգնություն ցուցաբերեցին ռուսական զորքերին։
Ադրիանապոլսի պայմանագիրը
1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1829թ․ սեպտեմբերի 2-ին Անդրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր։ Սև ծովի արևելյան ափերը` Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը անցնում էին Ռուսաստանին։ Նաև ամրապնդվում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, սակայն նա Թուրքիային էր վերադարձնում Արևմտյան Հայաստանում գրաված տարածքները։
Արևմտահայերի վերաբնակեցումը
Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր վիճակ ստեղծեց։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո թուրքերը կարող էին վրեժխնդիր լինել ռուսներին օժանդակած հայերին։ Ադրիանուպոլսի պայմանագրւ համաձայն, հնարավորություն էր տրվում Թուրքիայի տիրապետության տակ ապրող հայերին վերաբնակվելու Ռուսաստանին անցած շրջաններում։
about:blank
1829-1830 թթ. Արևմտյան Հայաստանից՝ Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից շուրջ 75 հազար հայեր գաղթեցին Ռուսաստանի տիրապետության սահմանները։ Կարինցիները բնակություն հաստատեցին Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակում և Թալինում, բայազետցիներն ու ալաշկերտցիները՝ Սևանա լճի ավազանում։
Արևմտահայերի վերաբնակեցումը կարևոր նշանակություն ունեցավ՝ Արևելյան Հայաստանում հայության թիվն աճեց, և այն կրկին վերածվեց հայահավաք կենտրոնի։ Սակայն միաժամանակ Արևմտահայաստանը կորցրին իրենց հայ բնակչության մի ստվար հատված:
Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում
1877-1878թթ. պատերազմը ավարտվեց Օսմանյան կայսրության ջախջախիչ պարտությամբ։ Բալկաններում ռուսական զորքը մոտեցավ մայրաքաղաք Կոնստանդնուպոլսին։ Ռուսները մեծաքանակ հայ զինվորների և կամավորների օգնությամբ գրավեցին Կարսը։ Հերոսական էր Բայազետի ամրոցի պաշտպանությունը, ինչի վերաբերյալ հայ պատմագիր Րաֆֆին գրել է «Խենթը» վեպը։
Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը
Կ․ Պոլսի մերձակա Սան Ստեֆանո ավանում 1878 թ․ փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը։ Այս պայմանագիրը ուժեղացնում էր Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա։ Ռուսաստանը նաև տարածքային խոշոր ձեռքբերումներ ունեցավ՝ Ռուսաստանին անցավ Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտն ու Բայազետը և Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթումը։
Հայկական հարցը վերաբերվում է Օսմանյան կայսրության տիրապետությունից պատմական Հայաստանի ազատագրման և հայ ժողովրդի սեփական պետությունն ունենալու համար մղած պայքարին։
Սան Ստեֆանոյի հաշտության կնքումից առաջ տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ, մի խումբ հայ գործիչներ, այդ թվում՝ Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը, հանդիպումներ ունեցան ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Իգնատևի հետ։ Նրանք պահանջում էին պայմանագրում կետ մտցնել Ռուսաստանի պաշտպանության տակ Արևմտյան Հայաստանում ինքնավարություն ստեղծելու կամ ռուսական զորքերի գրաված շրջանները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։
Արդյունքում, Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով սուլթանական կառավարությունը պարտավորում էր Ռուսաստանի գրաված և Թուրքիային վերադարձվող հայաբնակ մարզերում անմիջապես բարենորոգումներ անցկացնել և հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից ապահովել, և այդ մասին թուրքերը պետք է հաշվետու լինեին ռուսական կողմին։
Չնայած Սան-Ստեֆանոյի պայմանագիրը լիովին չբավարարեց արևմտահայության պահանջները, այն պարունակում էր շատ դրական կետեր։ Նախ, Արևմտյան Հայաստանի մի զգալի մասը անցնում էր ռուսական տիրապետության տակ։ 16-րդ հոդվածում հայկական հողերն անվանվում էին Հայաստան։
Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում
Սան Ստեֆանոյի պայմանագիրը ամրապնդում էր Ռուսաստանի դիրքը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում, չափազանց մեծացնելով Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա։ Սա եվրոպական երկրների մեծ մասի դժգոհությունը հարուցեց։ Անգլիան և Ավստրո-Հունգարիան Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկին դիմեցին՝ եվրոպական պետությունների վեհաժողով կազմակերպելու Բեռլինում։
Վեհաժողովի ընթացքում հայերի պահանջները ներկայացնելու համար հատուկ պատվիրակություն կազմվեց Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) գլխավորությամբ։ Հայ
պատվիրակները վեհաժողովի սկսվելուց առաջ հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, և ստացան օգնության խոստումներ։ Բայց անմիջապես պարզվեց, որ եվրոպացի պետական գործիչները բնավ ցանկություն չունեին օգնելու հայերին: Հայկական հարցը նրանք օգտագործում էին որպես Թուրքիային ճնշելու գործիք։ Հայկական պատվիրակությանը նույնիսկ թույլ չտվեցին մտնել վեհաժողովի շենք։
Բեռլինի վեհաժողովը ավարտվեց 1878թ. հուլիսի 1-ին։ Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Հայկական հարցերին վերաբերող 16-րդ հոդվածը դարձավ Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդված։ Դրանով Թուրքիան նույնպես պարտավորված էր հայերի անվտանգությունը ապահովելու, սակայն բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլ վեհաժողովի բոլոր մասնակից պետությունների վրա։ Այս փոփոխությունը վեհաժողովի մասնակից պետություններին թույլ էր տալիս Թուրքիայի ներքին գործերին միջամտել և նրանից նոր զիջումներ կորզել։ Պայմանագրի մեջ նաև “Հայաստան” բառը փոխարինված էր “հայաբնակ մարզեր” բառակապակցության հետ։ Ռուսաստանին էին մնում միայն Կարսն ու շրջակայքը, իսկ Ալաշկերտը ու Բայազետը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։
Մեծ տերությունները վեհաժողովում անտեսեցին հայ ժողովրդի շահերը, քանի որ այս փոփոխությունները վերացնում էին Սան Ստեֆանոյի պայմանագրի շատ դրական կողմեր և Հայաստանին և հայ ժողովրդին ավելի էին վնասում։ Վեհաժողովից հետո հայ ժողովրդի մեջ Եվրոպայի նկատմամբ հավատը պակասեց, շատ հայորդիներ սկսեցին մտածել բողոքելուց դեպի ազգային ազատագրական շարժմանն անցնելու։ Մ Խրիմյանն ասել է, որ Հայաստանի փրկությունը միայն զինված պայքարի կազմակերպմամբ կլինի. «Վեհաժողովի դռան վրա գրված էր՝ իրավունքը ուժովինն է, քաղաքագիտությունը գթություն չունի, իրավունքն ալ սուրի ծայրին է: Հայաստանցինե՛ր, սիրեցե՛ք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի»: Այդ ժամանակից են նաև մնացել «երկաթե շերեփ» և «թղթե շերեփ» արտահայտությունները։
Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի կնքմամբ Հայկական հարցը առաջին անգամ ձևակերպում ստացավ միջազգային դիվանագիտության մեջ ։ XIX դարավերջին և XX դարասկզբին այն դարձավ հայ քաղաքական կյանքի գլխավոր խնդիրը։
Թեմա 26. Հայդուկային շարժումը
Հայդուկային շարժման սկիզբը
19-րդ դարի 80-ական թթ․ արևմտահայության քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակը շատ ծանր էր: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը արյունալի վարչակարգ էր հաստատել և շուտով սկսեց հայկական ջարդերի քաղաքականությունը։ Հայ ժողովրդի՝ այդ ժամանակաշրջանի ազգային-ազատագրական պայքարում մեծ նշանակություն ունեցավ հայդուկային (կամ ֆիդայական) շարժումը։ «Հայդուկ» բառը հունգարերեն նշանակում է պարտիզան, իսկ «ֆիդայի» բառն արաբերեն նշանակում է անձնազոհ։
Հայդուկները (կամ ֆիդայիները) ազատության մարտիկներ էին, որոնք հեռանում էին անտառներն ու լեռները, և օսմանյան իշխանությունների դեմ պայքար ծավալում։ Երբեմն նաև վրեժ էին լուծում կատարած չարագործությունների համար թուրք կառավարիչներից, ոստիկաններից կամ քուրդ ավազակներից, կամ պատժում էին հայ դավաճաններին։
Նշանավոր հայդուկապետեր
Հայդուկային շարժումը հայդուկապետերի մի ողջ համաստեղություն տվեց, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ուներ առաջին հայ ֆիդայիններից Արաբոն։
Արաբոն ծնվել էր 1863 թ․ Սասուն Կոռթեր գյուղում։ Սկսելով պայքարը քուրդ ցեղապետների դեմ, նա շուտով վրիժառուից դարձավ հայդուկապետ։ Նա բաժանում էր քրդերից ձեռք բերված ավարը գյուղացիներին։ Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից, գնաց Այսրկովկաս և մտնելով դաշնակցության շարքերը՝ մասնակցեց նրա առաջին ընդհանուր ժողովին։ 1893թ. Կովկասից զենք տեղափոխելու ժամանակ Արաբոն և նրա ջոկատի 16 անդամները զոհվեցին։
Աղբյուր Սերոբը նույնպես հայտնի ֆիդայապետերից էր, ծնվել էր Ախլաթի Սոխորդ գյուղում։ Նրա կինը՝ Սոսեն նրա հետ կիսում էր հայդուկային կյանքի և պայքարի բոլոր դժվարությունները։ 1890-ական թթ․ սկզբերին Ֆիդայապետ Աղբյուր Սերոբը մեծ ժողովրդականություն ուներ և աշխատում էր միավորել արևմտահայ հայդուկային խմբերին։ 1890-ական թթ․ կեսերին նրան հաջողվում է միավորել դրանց մեծ մասը։
1898 թ․ Բաբշենի կռվի հաղթանակից հետո Սերոբը դառնում է Արևմտյան Հայաստանի ազատարարի խորհրդանիշ: 1899 թ․ Սասունի Գելիեգուզան (Ընկուզաձոր) գյուղում Սերոբին դավադրաբար սպանում են։ Մեկ տարի անց, Սերոբի հավատարիմ զինվորներ Գևորգ Չավուշն ու Անդրանիկ Օզանյանը վրեժխնդիր են լինում Սերոբին մատնած դավաճան Ավեից և քուրդ ցեղապետ Բշարե Խալիլից, ով կազմակերպեց սպանությունը։
Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թ․ Շապին Կարահիսար քաղաքում։ Սկսել է տարբեր խմբերում կռվելում, ապա միացել Աղբյուր Սերոբին։ 1901 թ․ Գևորգ Չավուշի հետ վարել է Ս․ Առաքելոց վանքի կռիվը՝ փոքր խմբով դիմադրելով մեծաքանակ թուրքական բանակին և հաջողությամբ դուրս գալով շրջափակումից։ Նա մասնակցել է նաև 1904 թ․ Սասունի ապստամբությնը։ Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմների ժամանակ ձեռք է բերել ժողովրդական հերոսի համբավը։ Հայդուկային կռիվների վերաբերյալ նա հեղինակել է հայտնի ≪Մարտական հրահանգներ≫ կանոնագիրքը։
Գևորգ Չավուշը ծնվել է 1870 թ․ Սասունի Մկդենք գյուղում, և եղել է հայդուկապետերից ամենաերիտասարդը։ 24 տարեկանում նա արդեն ճանաչված ֆիդայի էր։ Նա Անդրանիկ Օզանյանի հետ ղեկավարել է Սբ․ Առաքելոց վանքի կռիվը, նաև մասնակցել է բազմաթիվ հայդուկային ճակատամարտերի։ 1907 թ․ Մշո Սուլուխ գյուղի մոտ անհավասար կռվում Գևորգը քաջաբար զոհվեց։
Հայդուկային շարժման մեջ նաև գործիչներ կային, ովքեր հայդուկային շարժումը համարում էին անհեռանկար և առաջարկում էին վրիժառությունից և ցուցամոլական գործողություններից հրաժարվել։ Այդպիսի գործիչներից էր Հրայր Դժոխքը, ով կարծում էր, որ կուսակցությունները ազատագրության գործը առաջ տանելու միակ միջոցն են։ Ի տարբերություն շատերի, Հրայրը հույս չէր կապում Եվրոպայի հետ, այլ համարում էր, որ հարկավոր էր սուլթանական վարչակարգի դեմ Հայ-քրդական դաշինք ստեղծել։ Հրայրը եղել է 1904 թ․ Սասունի ապստամբության ղեկավարներից, որի ընթացքում զոհվել է։
Հայդուկային շարժումը Արևմտյան Հայաստանի ազատագրումը չէր կարող իրականացնել, սակայն այն պաշտպանում էր հայ ժողովրդին Օսմանյան կայսրության կազմակերպած կոտորածներից, և ամենակարևորը՝ ժողովրդին մղում էր նոր պայքարի, հասունացնելով համաժողովրդական ապստամբության գաղափարը։
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
Հայաստանը և Օսմանյան կայսրության ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
XX դարի սկզբին մեծ տերությունների միջև եղած արմատական հակասությունները հանգեցրին ընդհանուր պատերազմի։ Առաջին աշխարհամարտը սկսվեց 1914 թ․ օգոստոսի 1-ի։ Այն ընթացավ երկու խոշոր խմբավորումների՝ Անտանտի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) և Եռյակ դաշինքի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա) միջև:
Առաջին աշխարհամարտի բաղկացուցիչ մասը կազմեց Կովկասյան ճակատը, որտեղ հերթական անգամ բախվեցին Ռուսաստանը և Թուրքիան: Ցարական Ռուսաստանը ձգտում էր նվաճել Արևմտյան Հայաստանը և հաստատվել Կոնստանդնուպոլսում՝ սևծովյան Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում։ Օսմանյան Թուրքիան նպատակ ուներ տիրանալ հսկայական տարածքների Կովկասում և Իրանում, ինչպես նաև Ռուսաստանում ապրող թուրքալեզու և մուսուլման ժողովուրդներին թեքել ռուսների դեմ և ապագայում միավորել «Մեծ Թուրանի» մեջ։ Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը, և պատերազմում Օսմանյան կայսրության հիմնական նպատակներից մեկը դարձավ նաև հայ ժողովրդի բնաջնջումը: Թուրքիան դարձավ Գերմանիայի դաշնակիցը իր այդ նպատակները առաջ տանելու հույսով։ Մյուս կողմից մեծ էին հայերի ակնկալիքները ռուսական հաղթանակից:
Կովկասյան ճակատը 1914–1917 թթ.
1914 թ․ Հոկտեմբերի 29-30-ը Գերմանական և թուրքական ռազմանավերը հարվածներ հասցրեցին Ռուսական սևծովյան նավահանգիստներին, որից անմիջապես հետո ռուսական կառավարությունը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։
Թուրքական բանակը Կովկասյան ճակատում կազմում էր 300 հազար մարդ։ Ռուսական զինուժը 200 հազար էր։
Սարիղամիշի ճակատամարտը Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունն էր, և տեղի ունեցավ 1914 թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թ․ հունվարի 18-ը։ Ճակատամարտից առաջ թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր էնվեր փաշան, գրավել էր մի քանի շրջաններ և Կարս-Սարիղամիշի հատվածում դուրս էր եկել ռուսական զորքերի թիկունքը։ Սարիղամիշում, ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների պայքարի շնորհիվ թուրքական բանակը ջախջախվեց, 90-հազարանոց զորախմբից կենդանի մնաց միայն 12 հազարը։ Ռուսական 60 հազարանոց զորախմբի մեկ երրորդը նույնպես զոհվեց։
1915թ. գարնանը, Սարիղամիշի հաղթանակից հետո ռուսական կովկասյան բանակը գրավեց Մանազկերտը, ինչպես նաև Վանը՝ օգնելով Վանի ինքնապաշտպանության համար կռիվ մղող տեղի հայկական ուժերին։ Ռուսական զորքերը հայկական կամավորական ուժերի հետ նաև հասան Բիթլիսի և Մուշի մատույցները, բայց չհաջողեցին գրավել դրանք։
1915 թ․ հուլիսին անսպասելիորեն ռուսական զորքերը նահանջում են Վանից։ Վանի հայկական իշխանությունը դադարում է, իսկ մոտ 200 հազար վան-վասպուրականցիներ կոտորածներից խուսափելու համար ստիպված են լինում գաղթել Արևելյան Հայաստան։ Այդ ընթացքում Բիթլիսի և Մուշի հայությունը կոտորվում է թուրքերի կողմից։
Օգոստոսի սկզբին ռուսական զորքերը կրկին նվաճում են նախկին դիրքերը։ 1915 թ․ վերջին ռուսական զորքերը անցնում են վճռական գործողությունների, և ձմռան դաժան պայմաններով 1916 թ․ գրավում Էրզրումը։ Էրզրումի գրավումը Կովկասյան ճակատում ամենախոշոր հաղթանակն էր ռուսերի համար։
Մինչև 1917թ. ռուսական զորքերը գրավում են գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ։
1914–1916 թթ. հայ կամավորական շարժում. կամավորական ջոկատների ստեղծումը
Թուրքիան և Ռուսաստանը կարևորում էին պատերազմում հայերին ներգրավել իրենց կողմը, և հայ քաղաքական ղեկավարները փորձում էին որոշել, թե որ դիրքորոշումը պետք է ունենալ հայության անվտանգությունը ապահովելու համար։ Թե արևելահայության, թե արևմտահայության մեջ մեծ ոգևորություն էր տիրում և ռուսական հաղթանակը կասկած չէր հարուցում։ Գերիշխում էր այն տեսակետը, որ երբ ռուսական կովկասյան զորաբանակը գրավի Վանը, Էրզրումը և Բիթլիսը, ազատագրված արևմտահայերին կտրամադրվի ինքնավարություն։ Սա հաշվի առնելով, հայ քաղաքական ուժերը և կամավորները նախընտրեցին աջակցել ռուսական կողմին։
Ռուսական կայսրությունում բնակվում էին մոտ 2 միլիոն 54 հազար հայեր, որոնցից մոտ 200 հազարը զորակոչվեցին ռուսական բանակ։
Արևմտյան Հայաստանի ազատագրման գործում ռուսական բանակներին աջակցելու նպատակով Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն ձեռնամուխ եղավ հայ կամավորական ջոկատների կազմակերպմանը։ Ջոկատները ստեղծվում էին ապագա հայկական ինքնավարության համար պայքարելու նպատակով ստեղծվեցին։
about:blank
Հայ կամավորները մարտի դաշտում
1914 թ․ նոյեմբերի սկզբին արդեն ձևավորվել էին չորս կամավորական ջոկատ՝ Անդրանիկի, Դրոյի, Համազասպի և Քեռու հրամանատարությամբ։ Ավելի ուշ ստեղծվեցին ևս 4 ջոկատներ։
8 ջոկատների կամավորների ընդհանուր թիվը 1916 թ. սկզբին հասավ 10 հազարի: Նրանց քաջությունն ու հերոսությունը բազմիցս նշել է Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը։
Ցարական իշխանություններն իրազեկ էին հայերի ինքնավարական և անկախական նպատակներին: Երկյուղելով, որ այդ ջոկատները կարող են դառնալ ազգային բանակի հիմք, և 1916 թ․ ամռանը այդ ութ կամավորական ջոկատներից կազմվում են հայկական հրաձգային գումարտակներ, որոնք մտցվում են ռուսական զորքի կազմի մեջ։
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
Պանթուրքիզմի ծրագրի իրականացմանը և «Մեծ Թուրանի» ստեղծմանը խոչընդոտում էր Հայաստանը։ Այդ «արգելքը» վերացնելու նպատակով և օգտվելով Մեծ պատերազմի առաջացրած խառը իրադրությունից՝ երիտթուրքերը հայության նկատմամբ պետականորեն իրագործեցին ցեղասպանության վաղօրոք մշակված հրեշավոր ծրագիրը:
«Ցեղասպանություն» հասկացությունը
XX դարի սկզբին միջազգային իրավունքում «Ցեղասպանություն» հասկացությունը դեռևս չկար, օգտագործվում էին այլ անուններ՝ սպանդ, եղեռն, կոտորած։ «Ցեղասպանություն» տերմինը հաստատվել է միայն 1948թ․ դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայով։ Ըստ այդ փաստաթղթի, ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կատարվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։
Այս գործողություններից են․
ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը,
բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը,
գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին
և այլն։
Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
1910-1911 թթ․ Սալիկոնում ≪Միություն և առաջադիմություն≫ կուսակցության կողմից կայացած գաղտնի ժողովներում հաստատվել էր հայերի ոչնչացման երիտթուրքերի պետական ծրագիրը։ Այն ձգտում էր քրիստոնյաներին ոչնչացնել և ոչ թուրք մահմեդականներին՝ թուրքացնել, որպեսզի իրականացվի «Մեծ Թուրանի» գաղափարը։ Հայերը եւ Հայաստանը արգելք էին պանթուրքական ծրագրի իրականացման ճանապարհին: Հայությունը դարձավ այդ ծրագրի առաջին զոհը։ Հայոց ցեղասպանությունն ի կատար ածվեց Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ մյուս պետությունները զբաղված էին պատերազմով և չէին կարող միջամտել։
Հայության ցեղասպանության ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), Էնվեր փաշան (ռազմական նախարար), Ջեմալ փաշան (ծովային նախարար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ 1914 թ․ հոկտեմբերին երիտթուրքերը կազմեցին Երեքի գործադիր կոմիտեն, որին հանձնարարված էր իրականացնել ցեղասպանությունը։
Մեծ եղեռնը
Այս կոմիտեի կարգադրությամբ 1915 թ․ գարնանը սկսվում է Մեծ եղեռնի իրագործումը երեք փուլերով։
Առաջին հերթին, արևմտահայությանը պաշտպանության հնարավորությունից զրկելու համար, զինաթափվեց և ոչնչացվեց օսմանյան բանակ զորակոչված հայ տղամարդկանց մեծ մասը։ Այնուհետև, զանազան միջոցներ բանեցնելով երիտթուրքական իշխանությունները առգրավեցին նաև հայերի զենքերը և զինամթերքը։
Օսմանյան կայսրության հաջորդ քայլը նշանավոր հայ մտավորականների և ղեկավարների ոչնչացնումն էր։ 1915 թ․ ապրիլի 24-ին Կ․ Պոլսում ձերբակալեցին 600-ից ավելի հայ մտավորականներին, որոնց թվում էին նշանավոր երգահան Կոմիտասը, պատգամավոր Վարդգեսը, գրողներ Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։ Նրանք դաժանաբար սպանվում են, իսկ Կոմիտասը, չդիմանալով կատարվող վայրագություններին, խելագարվում է։
Երրորդ փուլով 1915 թ․ գարնանից սկսեցին արևմտահայ բնակչության համատարած զանգվածային տեղահանությունը և կոտորածները, որոնց զոհ գնաց 1,5 միլիոն մարդ։ Նրանց, ում չէին կոտորում տեղում, թուրքական իշխանությունները աքսորում էին Միջագետքի անապատային շրջանները։ Կոտորածներից փրկվածների գերակշիռ մեծամասնությունն էլ զոհվում է գաղթի ճանապարհին սովից, հիվանդություններից և թուրքական ու քրդական ավազակախմբերի հարձակումներից։
Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք շրջաններում հայ ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության։ Դա հնարավորություն տվեց բնակչության մի մասին փրկվելու։ Ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան Վանում, Մուշ-Սասունում, Մուսա լեռան մոտ և այլուր։
Մեծ եղեռնի հետևանքները
Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն էր, և նաև այդ ժամանակ պատմության մեջ ամենախոշոր ցեղասպանությունը։ Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի հայաբնակ տարածքներն ամբողջությամբ հայաթափ են լինում։ Օսմանյան կայսրության մեջ բնակվող 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ Հայաստանի մեծ մասը հայազրկվեց, իսկ հայերի մեծ մասը հայրենազրկվեց:
Արևմտահայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունը խստորեն դատապարտեցին ականատես օտարերկրացիները եւ համայն աշխարհի առաջադեմ գործիչները։
1915-1916 թթ․ ընթացքում հայությամբ նկատմամբ երիտթուրքերի կողմից իրականացված գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ այն նպատակ ուներ ամբոջությամբ բնաջնջել հայ ժողովրդին։
Հայության պահանջն է մնում Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցումը։ Մինչև այսօր 33 երկիր ճանաչել է Մեծ եղեռնը, այդ թվում ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը։
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը
1917 թվականին, ընթացող համաշխարհային կռվի պայմաններում Ռուսաստանում տեղի ունեցան երկու հեղափոխություններ, որոնք արմատապես փոխեցին նրա զարգացման ուղին։ Դրանք մեծ ազդեցություն ունեցան նաև Ռուսական կայսրության ազգային փոքրամասնությունների ճակատագրի վրա:
Խորհրդային Ռուսաստանը, Քառյակ միության երկրների հետ առանձին հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Այդ ճանապարհին նա զոհաբերեց հայության պատմական իրավունքները, և Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով Թուրքիային հանձնվեցին մի շարք հայկական տարածքներ։ Հայաստանի մեծ մասը կրկին հայտնվեց թուրքական տերության կազմում: Վերսկսվեց պատերազմը Կովկասյան ճակատում, որն ի վերջո վերածվեց հայ–թուրքական բախման:
Այդ պայմաններում ինքնապաշտպանության նպատակով ստեղծվեցին հայկական ազգային զորամիավորումներ։ Այդ զորամիավորումները կազմակերպելու համար հրավիրվեցին ռուսական բանակի հայազգի գեներալներ և սպաներ։
Պատերազմի վերաճումը թուրք-հայկականի
1918 թ․ գարնանը թուրքերը 50 հազարանոց զորք էր հավաքել և ծրագրել էր նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանը և հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան։
Օսմանյան Թուրքիայի հետեւողական պնդմամբ` հայտարարվեց Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից։ Թբիլիսիում ստեղծված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետությունը թեպետ ներկայանում էր որպես երեք ժողովուրդների պետություն, սակայն վրացիները և կովկասյան թաթարները (այդպես էին կոչում ադրբեջանցիներին) չէին ցանկանում հայերին օգնել պաշտպանության գործում։ Նրանք հայերի հաշվին զիջումներ էր անում թուրքերի հետ համաձայնութան գալու նպատակով։ Արդյունքում` 1918 թ․ ապրիլին Կարսն առանց դիմադրություն հանձնվեց թուրքերին։
Թուրքիան ստացավ գործողությունների լիակատար ազատություն։ Կարճ ժամանակում հակառակորդը նվաճեց ոչ միայն Կարսը, այլև Ալեքսանդրապոլը (Գյումրի) և մայիսի կեսերին մոտեցավ Երևանին։
Այսպես՝ ռուս-թուրքական պատերազմը ամիսների ընթացում վերաճեց թուրք-անդրկովկասյանի, ապա թուրք-հայկականի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա:
Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերը
Սարդարապատի հուշահամալիրը
Ալեքսանդրապոլսի գրավումից հետո զորքերը մտան Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեցին դեպի Երևան։ Ներխուժած թուրքական զորքերի հաջողության դեպքում հայությանը սպառնում էր բնաջնջում։ Հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելավ ժողովուրդը։ Երևանի նահանգի դիկտատոր հայտարարված Արամ Մանուկյանը մեծ ներդրում ունեցավ հաղթանակի մեջ։
Արամ Մանուկյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյացին հորդորեց հեռանալ Բյուրական, սակայն Գևորգ Ե-ն մնաց Էջմիածնում՝ ժողովրդի և զորքի կողքին։ Մայիսի 19-ին թուրքերի առաջխաղացումը սկսվեց։ Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը կազմած էր մոտ 10 հազար մարտիկից, որոնցից 5500-ը կռվեցին Սարդարապատի ուղղությամբ կռվեցին։ Այդ նույն ուղղության վրա թշնամին ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր։
Սարդարապատի ճակատամարտի օրերին՝ Մայիսի 22-ից մինչև 28-ը թշնամին կրեց 3500 զոհ և նահանջեց մոտ 60 կմ։ Մայիսի 29–ին գեներալ Սիլիկյանը հանդես եկավ Ալեքսանդրապոլը գրավելու կոչով, սակայն Նազարբեկյանից հրաման եկավ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:
Արամ Մանուկյան
Մյուս հաղթանակը նվաճվեց Բաշ Ապարանի ճակատային հատվածում: Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան, որի նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը։ Մայիսի 23-ին գեներալ Սիլիկյանը իր զորախմբից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարան և հրամանատար նշանակեց Դրոյին։ Այդ զորքերը եզդիների ջոկատի հետ մինչև մայիսի 29-ը քաջաբար կռվեցին թուրքերի դեմ և ի վերջո պարտության մատնեցին ներխուժած թուրքական զորքին։
Ղարաքիլիսայի հերոսամարտը
Ալեքսանդրապոլսի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի ուժերի մի մասը, որը շարժվել էր դեպի Ղարաքիլիսա, մայիսի 22-ին նահանջեց Դիլիջան։ Անդրանիկը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայի հյուսիս ընկած տեղամասը, թուրքերի դեմ երեք հարձակում մղեց։ Դիլիջանում Սարդարապատի առաջին հաղթանակի լուրից ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվեցին։ Մայիսի 25-ին կազմակերպվեց Ղարաքիլիսայի ճակատը։ Հայկական կողմն ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը 10 հազար։
Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով։ Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը։ Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ա. Բեյ–Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում
նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30–ին գրավեց Ղարաքիլիսան: Այս պատերազմի ընթացքում թուրքիան մեծ կորուստներ ունեցավ, և Ղարաքիլիսայի գրավումից հետո որոշեց դեպի Դիլիջան-Ղազախ ուղղությամբ հարձակումը չշարունակել։
Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը
Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել։ Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ արևելահայությունը փրկվեց բնաջնջումից, և հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Թուրքիան ստիպված Բաթումի բանակցությունների պահանջները մեղմացրեց և 1918 թ․ հունիսի 4-ին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ հաշտության պայմանագիր կնքեց։
Նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին Աշխարհամարտի մասնակից կողմ, և հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն:
Մշակույթի զարգացման նախադրայլները
Հայկական մշակույթն արդյունաբերական հասարակության երկրորդ շրջանում մեծ վերելք ապրեց։
Եվրոպական քաղաքակրթական նվաճումների հետ շփումը ապահովեց հայ մշակույթի առաջընթացը Հայաստանում։
Այս վերելքին օգուտ տվեց նաև քաղաքական և հասարակական կազմակերպությունների գործունեությունը։
Կրթական համակարգը
19-րդ դարի երկրորդ կեսին վերելք ապրեցին հայկական դպրոցները:
Արևելահայության մեջ կար երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային:
Դպրոցներում պարտադիր լեզուն ռուսերենն էր։ Դասավանդում էին հայերեն, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, աշխարհագրություն, բնագիտություն և պատմություն:
Օսմանյան կայսրության կազմում գտնվող արևմտահայությունը կրթության ոլորտում նույնպես առաջընթաց ուներ, գործում էին երկու կարգի դպրոցիներ՝ նախակրթական և երկրորդական:
Գիտության զարգացումը։
Բնական գիտությունները։
Այս ժամանակաշրջանում հայ նշանավոր գիտնականները ապրում էին Հայաստանի սահմաններից դուրս:
Հայագիտություն։
19-րդ դարի կեսերից զարգացում ապրեց հայոց լեզուն:
Հայ միջնադարյան պատմիչների, երկերի թարգմանույթան, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մոսկվայի լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը:
Գրականությունը և մամուլը։
Գրականության հասարակական դերի վարձրացումը։
19-րդ դարի կեսերին հայ գրականության մեջ գերիշխող էր կլասիցիզմը (գեղարվեստական ոճ):
Կասիցիզմին հաջորդում է ռոմանտիզմը, իսկ գրաբարին փոխարինում է աշխարհաբարը:
Ազգային հոգու արտահայտիչը պոեզիան էր:
1880թ. հայ գրականությունը անցում է կատարում ռոմանտիզմից՝ ռեալիզմ:
20դ․ սկզբում դասական ռեալիզմը փոխարինվում է՝ նատուռալիզմ, սինվոլիզմ, նեռռոմանտիզմ:
Մամուլը արդյունաբերական որոշման բնորոշ կողմերից է տեղեկատվական հավաքման և մշակման երևույթը:
Արվեստը և ճարտարապետությունը։
Կերպարվեստը։
Արվեստի արդիական գործունեություններն զարգացան հայ կերպարվեստի բնագավառը:
Հայ նկարչության մասնագետ է եղել Մարտիրոս Սարյանը:
Պատմական նկարձի ձևավորման զարգացման փուլում մեծ դեր է խաղացել նաև Վարդագես Սուրենյանը:
Թատրոնը
Այս շրջանում ստեղծվել է հայ պրոֆեսիոնալ թատրոնը:
1861թ. ստեղծվեց մշտական խումբը պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ:
Երաժշտությունը
Տիգրան Չուխաջյանը հիմնեց հայ օպերային արվեստը:
20-րդ դարի երկրորդ կեսի կարևորագույն ձեռքբերումներից է արևելահայ կոպոզիտորական դպրոցի ձևավորումը, որի հիմնադիրն էր Կրիստափոր Կարա-Մուրզան:
Ստեղծվեց նաև Զիվանու դպրոցը:
Հայ հոգևոր նոտագրելու և աղավաղումներից փրկելու խնդիրը լուծեց Կոմիտասը:
Արվեստ
Զարգացում ապրեց արվեստը իր բազմազան ճյուղերով։ Կերպարվեստի մեջ նշանավոր էր Հովնաթանյանների գերդաստանը։ Հակոբ Հովնաթանյանը (1809-1884 թթ.) ապրել և ստեղծագործել է հիմնականում Թիֆլիսում։ Նա ժամանակի դիմանկարչության ճանաչված վարպետ էր, որի գործերից մեզ է հասել շուրջ 60 կտավ։ Աղաֆոն Հովնաթանյանը, ավարտելով Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, զբաղվել է գեղանկարչության տարբեր ճյուղերով։
Նույնպես Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտեց ղրիմահայ Հովհաննես Այվազովսկին, որը դարձավ աշխարհահռչակ ծովանկարիչ։ Այդ նույն ակադեմիայում կրթություն ստացավ նաև Խաչատուր Աբովյանի մանկության ընկեր Ստեփան Ներսիսյանը, որի գործերից նշանավոր են Մեսրոպ Մաշտոցի, Բեթհովենի դիմանկարները, «Խնջույք գետափին» նկարը։
Երաժշտության մեջ աչքի էր ընկնում Համբարձում Լիմոնջյանը։ Նա ստեղծում է հայկական նոտաներ։ Այդ նոտաներով իր հետևորդի հետ ձայնագրում են եկեղեցական շարականներ, ժողովրդական երգեր ու պարեր։ Մեծն Կոմիտասն ուշադրություն է դարձրել և բարձր գնահատել Համբարձում Լիմոնջյանի դերը։
Աշխուժություն է նկատվում թատերական արվեստի բնագավառում։ Դեռևս մասնագիտացված թատրոններ չկային, բայց դպրոցներում և այլ տեղերում կազմակերպում էին սիրողական ներկայացումներ։ Նման ներկայացումներ են կազմակերպվում Թիֆլիսում, Ղրիմի, Նոր Նախիջևանի հայկական գաղութներում։ 1827 թվականին Երևանում դեկաբրիստ սպաների մասնակցությամբ առաջին անգամ բեմադրվեց Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսը։
Թուրք-պարսկական տիրապետության շրջանում գրեթե դադարել էին շինարարական աշխատանքները։ Հետևաբար՝ վերացել էին ճարտարապետությունը զարգացնելու հնարավորությունները։ Հարուստ ավանդույթներ ունեցող ճարտարապետությունը զարգանում էր փոքր ձևերում։ Ստեղծվում էին նրբաճաշակ խաչքարեր, մատուռներ, տապանաքարեր, դարպասներ և այլն։ Գողտրիկ հուշարձանների ստեղծումը նպաստեց քանդակագործության զարգացմանը։ Հայ վարպետների նուրբ քանդակներով ստեղծված խաչքարերն ու շիրմաքարերն արվեստի սքանչելի գործեր են։
9-րդ դասարանի ծրագիր՝
Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը
Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին
Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.