Գերմանիա (գերմ.՝ Deutschland), պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland), պետություն Արևմտյան Եվրոպայում, որը Բալթիկ և Հյուսիսային ծովերից ձգվում է մինչև Ալպյան լեռներ և Բոդենի լիճ՝ հարավում հասնելով մինչև հյուսիսային Հռենոս։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արևելքում՝ Չեխիային և Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային և Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային և Նիդերլանդներին՝ արևմուտքում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի և ընդգրկում է ընդհանուր հաշվով շուրջ 357 386 քառակուսի կիլոմետր տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ Գերմանիան համարվում է Ռուսաստան Դաշնությունից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաև Եվրոպական միության (ԵՄ) ամենախիտ բնակեցված պետությունը։ Գերմանիան բավականին ապակենտրոնացված պետություն է․ թեպետ մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Բեռլինն է, այնուամենայնիվ, Մայնի Ֆրանկֆուրտը հանդիսանում է երկրի ֆինանսական կենտրոնը և հենց այստեղ էլ գտնվում է դաշնության խոշորագույն օդանավակայանը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։ Բացի այդ, Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը և Նյուրնբերգը։