Մովսես Խորենացին բացառիկ ու հանճարեղ անուն է հայոց պատմության մեջ։ Նրան անվանում են Պատմահայր, Քերթողահայր*, փիլիսոփա։ Նա սերունդներին է փոխանցել ազգի պատմությունը՝ սկսելով անհիշելի ժամանակներից, առասպելական պատմություններից մինչև իր ապրած ժամանակաշրջանը՝ 5֊րդ դարը։ Նրանից առաջ որևէ մեկն այդպիսի պատմություն չէր գրել։ Ընդունված է հսմարել, որ Խորենացին հայերին տվեց իրենց ծննդյան վկայականը։ Նա բացատևեց, թե ովքեր են հայերը, ինչ ծագում ունեն, որտեղից են գալիս։
*Քերթողահայր — բանաստեղծների, գրողների մեջ երևելին՝ ամենանշանավորը։
Խորենացին իր ժամանակակիցներին և հետագա սերունդներին ցույց տվեց, որ հայերը ծագում են Նոյի Հաբեթ որդուց, այսինքն՝ աստվածաշնչյան ազգ են։ Դրանով իսկ Պատմահայրը հայ ժողովրդին դասեց ժամանակի քաղաքակիրթ ազգերի շարքը՝ միաժամանակ չկտրելով նրան իր դարավոր արմատներից (Հայկ, Արամ, Արա)։ Հայոց անցյալը հերոսական շատ էջեր ուներ։ Խորենացին ցանկանում էր, որ իր հայրենակիցները լավ իմանան իրենց ազգի փառավոր անցյալը, հպարտանան իրենց հերոսներով և շարունակեն նախնիների արժանավոր գործերը։
Մովսես Խորենացին մեծ հայրենասեր էր։ Նրա համար ամենամեծ երջանկությունը փառավոր, անկախ, հզոր հայրենիք ունենալն էր։ Իսկ հայրենիքին ծառայելը, այն շենացնելը մարդկային ամենամեծ առաքելությունն է։ Նա իր մատյանով հենց սա էր ցանկանում ուսուցանել ապագա սերունդներին։
Մովսես Խորենացու կենսագրության մասին որոշ տեղեկություններ մեզ հասել են շնորհիվ նրա <<Հայոց պատմության>>։ Այդ տեղեկություններից էլ իմանում ենք, որ Մովսես Խորենացին եղել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից և նրանց կողմից ուղարկվել Ալեքսանդրիա՝ ուսում ստանալու։ Ալեքսանդրիայում ապագա Պատմահայրը սովոևում է մի շարք գիտություններ։ Փայլուն կրթությունը հնարավորություն է տալիս նրան դառնալու իր ժամանակի կրթված և բազմակողմանի զարգացած գործիչներից մեկը։
Հայրենասեր պատմիչը հասկանում էր, որ հայ ազգի գոյատևման համար անհրաժեշտ են միաբանություն, համերաշխություն, ազգասեր թագավորնեև, աշխատասեր ու ստեղծագործ ժողովուրդ։
… Թեպետ մենք փոքր ածու* ենք և թվով շատ սահմանափակ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրումն էլ քաջության շատ գործեր կան գործված՝ գրելու և հիշատակելու արժանի …
Մովսես Խորենացի
*Ածու — մարգ, տնկարան, փոխաբերաբար՝ փոքր երկիր, ժողովուրդ։
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչպե՞ս են անվանում Մովսես Խորենացուն։
2. Ո՞րն է Խորենացու <<Հայոց պատմության>> առանձնահատկությունը։
3. Ի՞նչ գիտեք Խորենացու կենսագրության մասին։
4. Ո՞րն է Խորենացու երազանքը, ինչպիսին էր նա ցանկանում տեսնել մեր ազգին։
5. Դուք ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո։
